Ես ինքս մարզում եմ երեխաների, ուստի չէի կարող այդպիսի բան թույլ տալ ինձ
SportAraratnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Մոսկվայի Լուժնիկիում տեղի ունեցած ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում Ալբերտ Ղազարյանը հաղթել էր Ադրբեջանցի մարզիկին։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մարտի մասին խոսեցին Ալբերտ Ղազարյանը եւ նրա մարզիչ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը։ «Ադրբեջանը փորձում է հրաժարվել OFS 8 միջազգային մրցաշարի հաղթող Ալբերտ Ղազարյանին պարտված ադրբեջանցի մարզիկից: Երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք առաջ քաշեցին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը, իսկ երբ դա չստացվեց, սկսեցին տարածել, թե Ալբերտի մրցակիցը ազգությամբ ղազախ է: Նախ ասեմ, որ նա ունի Ադրբեջանի անձնագիր, բացի դրանից՝ եթե այլ ազգի ներկայացուցիչ է, այդ դեպքում ինչպես բացատրել Ադրբեջանի անհանգստությունը»:
Ալբերտ Ղազարյանն էլ նշեց, որ իր այս մենամարտը տարբերվում էր մյուսներից։
«Շատ մրցակիցներ եմ ունեցել, բայց այս անգամ այլ զգացողություններ ունեի։ Գիտեի, որ ռինգ պետք է դուրս գամ զինվորական համազգեստով։ Դա ավելի էր ոգեւորում ինձ։ Մարտին շատ լավ էի պատրաստվել եւ ցանկանում էի հաղթել հենց առաջին ռաունդում։ Անգամ հոգնելիս ես ինձ ուժ էի տալիս»,- ասաց մարզիկը։
Նա խոսեց նաեւ մատներով ցույց տված իր ժեստի մասին. «Բոլորին թվացել է, թե ես միջնամատ եմ ցույց տվել, բայց եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այդպիսի բան չի եղել։ Ես ինքս մարզում եմ երեխաների եւ ստացել եմ մարզական դաստիարակություն, ուստի չէի կարող այդպիսի բան թույլ տալ ինձ»։
Ամփոփելով հանդիպումը՝ Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ նպատակ ունեն այս մարտարվեստը տարածել նաև բանակում. այն կօգնի զինվորներին ավելի պատրաստված լինել: