«Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը փոխհատուցում կվճարի 2011-ի ահաբեկչությունից տուժածներին
International newsՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ներկայացուցիչները մոտ ժամանակներս կհայտարարեն 2011թ. ահաբեկչության գործով տուժածների հետ համաձայնություն կնքելու մասին, գրում է «Կոմերսանտ»-ը։
Օդանավակայանի սեփականատեր Դմիտրի Կամենշչիկը տուժածներին փոխհատուցում կվճարի հատուկ ֆոնդից։
Ավելի վաղ ահաբեկչությունից տուժած 40 քաղաքացի 50-700 մլն ռուբլու չափով քաղաքացիական հայց էին ներկայացրել Կամենշչիկին եւ եւս 3 ֆիգուրանտների, որոնց մեղադրել էին անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու մեջ։
Եթե կողմերը համաձայնության գան, տուժածները ավելի քիչ փոխհատուցում կստանան, իսկ Կամենշչիկը կարող է քրեական գործը կարճելու եւ սեփականությունը պահպանելու հույս ունենալ։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման սրահում պայթյունը տեղի էր ունեցել 2011թ. հունվարի 24-ին։ Զոհվել էր 37 մարդ, վիրավորվել 172-ը։