Շարմազանովը վաղ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների մասին խոսել
PoliticsԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեռևս վաղ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա բանակցությունների մասին խոսելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում ընդամենը վերահաստատվել են զինադադարը և խաղի կանոնները: «Մենք դեռ պետք է տեսնենք՝ Ադրբեջանը կհետևի՞ հնչած հորդորներին, թե չէ, կհետևի՞ իր իսկ ստանձնած պարտավորություններին, թե չէ: Եվ դրանից հետո միայն խոսք կգնա առաջիկա ամիսների ընթացքում նոր հանդիպումների հնարավորության մասին: Դա արդեն հետագայում կերևա»,- նշեց Շարմազանովը:
Պատասխանելով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ հարցին՝ Շարմազանովը նշեց՝ այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ դառնա, նոր չէ: «Ապրիլյան պատերազմից հետո ռուս համանախագահ Պոպովը Երևանում այդ մասին պաշտոնապես հայտարարեց: Իսկ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունն այն մասին, որ 1994 թ. զինադադարը շարունակում է գործել, խոսում է մի բանի մասին, որ այդ պայմանագիրը պետք է հարգել իր բոլոր սկզբունքներով, իսկ հիմնական սկզբունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը ձախողվել է ռազմական դաշտում, ձախողվել է նաև մայիսի 16-ին Վիեննայում: «Այսինքն, իր առջև դրված խնդիրներն Ադրբեջանը չլուծեց, իսկ հայկական կողմի առաջարկները, այն առաջարկները, որոնք արել է Հայաստանի նախագահը՝ սկսած ապրիլի 2-ից, այսօր մենք տեսնում ենք, որ տեղ են գտել արտգործնախարարների հայտարարության մեջ»,- նշեց Շարմազանովը:
Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը կրկին չի գնա հակամարտությունը ռազմական միջոցով լուծելու ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիեննայում նախագահների հանդիպմանը զուգահեռ հակառակորդի կրակոցից Արցախում ևս մեկ զինվոր է զոհվել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Առաջին երաշխիքը մեր բանակն է, երկրորդը՝ միջազգային հանրությունը: Եթե Ալիևը չի կատարում իր խոստումները, միջազգային հանրությունը և Մինսկի խումբը պետք է պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: Մենք տեսել ենք բազում օրինակներ, որ երբ այս կամ այն միջազգային սուբյեկտը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ենթարկվում է պատժամիջոցների: Ես չեմ կարող հիմա Ադրբեջանի փոխարեն խոսել, որովհետև այդ երկիրն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ վստահելի գործընկեր չէ: Բայց ունենք այն, ինչ ունենք, դա է մեր հարևանը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: