Խորջրյա նավահանգիստ չունենալու պատճառով Վրաստանը չի կարողանում ընդունել նավերի 65 տոկոսը. «Անակլիայի զարգացման կոնսորցիում»
International newsBussiness Georgia-ի փոխանցմամբ՝ հայտարարվել է Անակլիա նավահանգստում ազատ տնտեսական գոտու օպերատորների ընտրության մրցույթ, որին արդեն իսկ հայտ է ներկայացրել 6 ընկերություն:
Այդ մասին հայտարարել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» գործադիր տնօրեն Լևան Ախվլեդիանին: Նա ընդգծել է, որ Անակլիայի ազատ տնտեսական գոտու տարածքը կազմելու է 400 հեկտար, և հույս է հայտնել, որ դրա նկատմամբ կլինի մեծ հետաքրքրություն և հատկապես այն երկրների կողմից, որոնք ԵՄ-ի հետ ունեն ազատ առևտրի մասին պայմանագիր:
«Վրաստանը փոքր երկիր է, սակայն աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ ունի մեծ պոտենցիալ: Ազատ տնտեսական գոտու և ընդհանրապես Անակլիայի նավահանգստի համար կարևորագույն ուղղություններից մեկը լինելու է Մետաքսի ճանապարհը:
Հայտնի է, որ Արևմտյան Չինաստանից և Կենտրոնական Ասիայից գործարկված փորձնական առաջին գնացքը բեռը Վրաստան հասցրել է 8 օրում, ինչը փոխադրման տևականությունը կրճատում է մի քանի անգամ:
Առաջին փուլում Ազատ տնտեսական գոտու և ընդհանրապես Անակլիայի նավահանգստի համար ծախսվելու է 600 միլիոն դոլար: Սևծովյան տարածաշրջանում միայն Վրաստանը չունի խորջրյա նավահանգիստ և հետևաբար չի կարող ընդունել նավերի 65 տոկոսը:
Նախագծի նպատակն է, որ նավահանգիստը շուկայական պահանջներին համապատասխան կարողանա ընդունել ամեն տիպի բեռներ: Ենթակառուցվածքը նախատեսված է 10.000 բեռնարկղի համար: Հետագա 50-100 տարիներին նավահանգիստն ակտիվորեն կգործի և կընդունի հարյուրավոր միլիոն տոննա բեռ»,- ասել է նա:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3.7 միլիարդ դոլար, որից 100 միլիոն դոլարը հատկացնելու է պետությունը: Նավահանգստի կառուցումը պետք է մեկնարկի 2016 թվականի վերջին: