Կուդրինը նշանակվել է Ռուսաստանի նախագահին կից տնտեսական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար
International newsՌուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը նշանակվել է ՌԴ նախագահին կից տնտեսական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար: Նա կզբաղվի «Կառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունները եւ տնտեսական կայուն աճ» ուղղությամբ: Կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Խմբի կազմի մեջ են մտել նաեւ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վեդեւը, Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը, ԿԲ-ի առաջին փոխնախագահ Քսենիա Յուդաեւան, ՄՊՀ-ի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը եւ ուրիշներ: Փաստաթղթում նշվում է, որ խումբը կզբաղվի այն խնդիրների որոշարկմամբ, որոնք խոչընդոտում են տնտեսական կայուն աճին եւ կառուցվածքային բարեփոխումների անցկացմանը, հայտնում է ՌԲԿ-ն http://www.rbc.ru/:
Ապրիլի վերջին Կուդրինը նշանակվել էր ՌԴ նախագահին կից տնտեսական խորհրդի փոխնախագահ, խորհրդի նախագահը Վլադիմիր Պուտինն է: Մինչ այդ, ֆինանսների նախկին նախարարը ընդամենը խորհրդի անդամ էր:
Անցյալ ամիս Կուդրինը գլխավորել է նաեւ Ռազմավարական մշակումների կենտրոնի խորհուրդը: Նա նշել է, որ ՌՄԿ նրա գալը կապված է «նախագահի հանձնարարականի հետ, նրա խնդրանքի` միանալու 2018-ից հետո Ռուսաստանի զարգացման ռազմավարության մշակմանը»: