Դավթաշեն վարչական շրջանում կայացել է արագ շախմատի Սամվել Գևորգյանի հուշամրցաշարը
SportՄայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգային շախմատիստների մասնակցությամբ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, անվանի շախմատիստներ և այլոք:
Շախմատային խաղատախտակներին ծավալված համառ ու անզիջում պայքարում 5 տուրերի արդյունքներն ամփոփելուց հետո վարչական շրջանի ղեկավարը գավաթ ու պատվոգրեր է հանձնել առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև դպրոցի տնօրենին և ուսուցիչներին:
Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Գոռ Սահակյանը, իսկ մրցանակային եռյակն ամփոփել է Վիկտոր Պարոնյանը: