Մեծ Բրիտանիայի մշակույթի ավելի քան 250 գործիչներ պաշտպանել են ԵՄ-ին երկրի անդամակցությունը
International newsՄեծ Բրիտանիայի մշակույթի ավելի քան 250 գործիչներ, այդ թվում՝ դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը եւ երգչուհի Պալոմա Փեյթը, տարածել են նամակ, որում հորդորել են երկրի բնակչությանը հունիսին կայանալիք հանրաքվեում պաշտպանել Միացյալ Թագավորության անդամակցությունը Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել է The Guardian թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Մեզանից շատերն աշխատել են այնպիսի նախագծերի վրա, որոնք երբեք չէին իրականացվի առանց Եվրամիության կողմից այնքան կարեւոր ֆինանսավորման եւ համագործակցության: Մեծ Բրիտանիան կարող է ավելի շատ ստեղծել ու արարել՝ գտնվելով Եվրամիությունում, իսկ մեր գլոբալ ստեղծագործական հաջողությունը լրջորեն կթուլանար ԵՄ-ից դուրս գալու դեպքում»,- ասված է նամակում, որի դրույթներին համաձայնել են նաեւ կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Դեննի Բոյլը, որը բեմադրել է 2012 թվականին Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, եւ դերասաններ Դոմինիկ Ու եսթն ու Հելենա Բոնեմ Քարթերը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: