Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է. Շուլց
International newsԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմի սահմանումը:
Այդ մասին նա հայտարարել է Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում, գրում է korrespondent.net-ը:
Եվրախորհրդարանի նախագահի խոսքերով՝ Բրյուսելը սպասում է, որ մինչև Անկարայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի որոշման ընդունումը, Թուրքիան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տվյալների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը, ցույց կտա բարեփոխումների իրականացման գործընթացում առաջընթաց:
«Թուրքիայի խորհրդարանում համապատասխան օրենքներում փոփոխություններ սահմանելու մասին բանավեճերը պետք է անհապաղ սկսել: Եթե դա տեղի չունենա, եվրոպական ինստիտուտները չեն կարողանա այլևս հետևել հայտարարված ժամկետներին: Այդ դեպքում ես չեմ պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի հոկտեմբերին առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար»,- ընդգծել է նա:
Շուլցը նաև քննադատել է սպառնալիքները, որոնք ավելի վաղ հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ Անկարան կարող է խզել ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնությունը: Շուլցի կարծիքով՝ սպառնալիքները «ադեկվատ քաղաքական մեթոդ» չեն, իսկ նման արտահայտությունները ոչ միայն «չեն ազդի եվրոպացիների վրա», այլև կբերեն հակառակ արդյունքի: