Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիայի դիակը կարտաշիրիմվի
International newsՎրաստանի դատախազությունը որոշում է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակն արտաշիրմելու վերաբերյալ, որը մահացել է 2005 թվականին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտարարել է Ժվանիայի մահվան գործը վարող դատախազ Ռևազ Նադոյը, արտաշիրմումը կկատարեն օտարերկրացի փորձագետները: Ժվանիայի ընտանիքն արդեն հայտնել է, որ համաձայն է արտաշիրմմանը, ասել է նա:
Նախկին վարչապետին, որը եղել է «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, մեռած են գտել 2005 թվականի փետրվարին: Բացի նրանից, բնակարանում գտնվել է նաև Քվեմո Քարթլիի (շրջան Արևելյան Վրաստանում) փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի մարմինը:
Այն ժամանակ հետաքննությունը պարզել է, որ Ժվանիան մահացել է շմոլագազից թունավորման հետևանքով: «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո սկսվել է վարչապետի մահվան պատճառների կրկնական հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: