BuzzFeed-ը հրաժարվել է 1,3 մլն դոլարանոց գովազդային գործարքից Թրամփի հռետորաբանության պատճառով
International newsԱմերիկյան BuzzFeed հանրահայտ պարբերականը հրաժարվել է Հանրապետական կուսակցության հետ գովազդային գործարքից ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հռետորաբանության պատճառով: Աղբյուրի խոսքով՝ գործարքի գումարը կազմել է 1,3 մլն դոլար՝ հայտնում է Politico-ն:
BuzzFeed-ի հիմնադիր Իոնի Պերետին աշխատակիցների համար ներքին նամակում բացատրել է ընդունված որոշման մանրամասները: Նա նշել է, որ ապրիլին Հանրապետական կուսակցության հետ ստորագրվել է քաղաքական գովազդի մասին համաձայնագիր, քանի որ պարբերականն աշխատում է երկու հիմնական կուսակցությունների հետ: Միևնույն ժամանակ արդեն ստորագրումից հետո միլիարդատեր Թրամփը դարձել է կուսակցությունից ենթադրյալ թեկնածուն նախագահական պայքարից մրցակիցների դուրս գալուց հետո:
«Նրա արշավի տոնը և բովանդակությունը յուրահատուկ են ամերիկյան ժամանակակից քաղաքականության պատմության համար: Թրամփը քարոզում է մուսուլմանների ԱՄՆ մուտքի արգելք, նա սպառնում է սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը և վիրավորական հայտարարություններ է անում կանանց, ներգաղթյալների և օտարերկրացիների ժառանգների մասին»,- գրել է Պերետին:
BuzzFeed-ի հիմնադիրը և The Huffington Post-ի համահիմնադիրը նշում է, որ Թրամփի արշավը կարող է սահմանափակել ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս ընկերության աշխատակիցների ազատությունը, քանի որ մուսուլմանների մուտքն արգելելու ասռաջարկը նրանց թույլ չի տա կատարել իրենց աշխատանքը:
«Բնականաբար, մեզ դուր չի գալիս հրաժարվել եկամտից, որը մեզ հնարավորություն է տալիս կարևոր աշխատանք անել ամբողջ երկրում: Միևնույն ժամանակ երբեմն մենք պետք է որոշ բացառություններ անենք. մենք չեն ընդունում ծխախոտի գովազդը՝ առողջության համար դրանց վնասի պատճառով, նույն պատճառով չենք ընդունի Թրամփի գովազդը»,- եզրափակել է Պերետին: