ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարարը՝ Քաղավիացիայի վարչության պետ
PoliticsԱյսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանին: Դ. Հարությունյանը, նորանշանակ ղեկավարին ներկայացնելով, նշել է, որ Ս. Ավետիսյանը պետական կառավարման ոլորտում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, ունի փորձ ու մասնագիտական կարողություններ՝ առաջադրված նպատակները կյանքի կոչելու համար:
Հիշեցնենք, որ Ս. Ավետիսյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը և իր գործունեությունների շրջանակում կյանքի կոչվեց անցումը բաց երկնքի քաղաքականությանը: Ելնելով վերջին տարիներին ավիացիայի բնագավառում կուտակած նրա մասնագիտական մեծ փորձից՝ կարելի է եզրակացնել, որ բաց երկնքի քաղաքականությունը կշարունակվի՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ:
Դ. Հարությունյանը, անդրադառնալով Քաղավիացիայի առջև ծառացած նոր ռազմավարական խնդիրներին, նշել է նաև, որ կարևոր է հայկական ավիացիայի զարգացման ծրագրի վերանայման և գործնական նոր ծրագրի մշակման հարցը՝ հաշվի առնելով նաև մեր երկրի աշխարհագրական դիրքի ընձեռած առավելությունները:
Սերգեյ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել և հավաստիացրել, որ միասնական ջանքերի և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների: Միևնույն ժամանակ, նա կարևորել է Արտյոմ Մովսեսյանի դերը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի զարգացման ոլորտում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ոլորտում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Չմոռանանք նշել նաև, որ Արտյոմ Մովսեսյանն օրերս էր ազատվել իր զբաղեցրած պաշտոնից: Ըստ մամուլի հրապարակումների՝ նրա պաշտոնակության պատճառը Lufthansa ավիաընկերությունից Հայաստանի օդային տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվության շուրջ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալն է եղել: Չնայած Ա. Մովսեսյանի պաշտոնանկության և սկանդալի հետ կապված հարցերին ի պատասխան ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը նշել էր, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, առանց կրակ ծուխ չի լինում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում նոր բացահայտումներ լինեն նաև այս թեմայով:
Ա.Գ.