Շարմազանովը ՀՀ-ՌԴ ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիրը քննադատողներին մեղադրում է անտեղյակության մեջ
PoliticsՌԴ-ի հետ Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագիրը քննադատում են այն մարդիկ, ովքեր չեն կարդացել համաձայնագիրը, քանի որ նրանք անում են մեկնաբանություններ, որոնք որևէ կապ իրականության հետ չունեն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:«Համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբե րին, համաձայնագիրը կոչվում է «ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիր», միավորված եւ ոչ թե միասնական: Եթե Բելառուսն ու Ղազախստանը Ռուսաստանի հետ կնքել են միասնական, ապա Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են միավորված հակաօդային պաշտպանության համակարգի մասին համաձայնագիր, իսկ դա նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված է` քանի որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն ցամաքային սահման, Հայաստանի սահմաններում կլինի առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումը կիրականացնի ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնյան, որը կհամաձայնեցնի գերագույն հրամանատարի հետ: «Այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որ դա կապված է Արցախի հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովն ընդգծեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս մեզ օգտվելու ՌԴ-ի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից: