Թուրքիան դժոխքի է վերածվում. թուրք հոդվածագիրը՝ երկրում շարունակվող բախումների մասին
International newsԹուրք հայտնի լրագրող, գրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը T24 կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում շարունակվող բախումներին ու ահաբեկչություններին՝ նշելով, որ երկիրը դժոխքի է վերածվում:
Սյունակը ներկայացնում ենք հատվածաբար.
«Մեր հայրենիքը դժոխքի է վերածվում: Այո՛, այդպես է: Հսկա հայրենիքն ամեն անցնող օր ավելի է դժոխքի նմանվում, անճարությունս աճում է: Գրել չեմ կարողանում:
Խոսքերը վերջացել են:
Ցավի, արյան ու արցունքի մասին այնքան շատ եմ գրել, պատճառներն այնքան եմ հարցրել որ…
Ասում էի, որ խաղաղությունը հրացանի փողերի վրա չէ:
Ասացի, որ բռնությամբ ու ահաբեկչությամբ խաղաղություն չի լինի:
Զենքերի գործածման ժամկետն ավարտվել է, ասացի:
Ասացի՝ լուծումը խաղաղ քաղաքականությունն է, ելքը սեղանի շուրջն է՝ ասացի:
Ում հետ որ պատերազմում ես, խաղաղությունը նրա հետ ստեղծենք, ասացի:
Բոլոր կողմերի ցավերին դիպչել, ցավերը սրտումս զգալ փորձեցի:
Դրա համար լրագրող դարձա, լրագրող եմ: Հոդվածներ գրեցի, գրում եմ, ելույթներ ունեցա:
Քանի գիրք գրեցի: Ի՞նչ եղավ:
Ձեռքում ոչինչ չկա:
Ստամբուլի Վեզնեջիլերին եմ նայում, Մարդինի Միդյաթին եմ նայում (այստեղ վերջերս ահաբեկչություններ են տեղի ունեցել-Tert.am):
Նուսայբինին, Ջիզրեին, Սուրին եմ նայում: Անճարությունս աճում է:
Անցնող ամեն օր ինձ ավելի անզոր եմ զգում:
Գրել չեմ ուզում…»: