Սավչենկոն Ռադայի արտահերթ ընտրությունների կոչ է արել
International newsՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կոչ է արել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ քաղաքականություն «թարմ արյուն բերելու» համար: Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում:
Սավչենկոյի կարծիքով, «ուկրաինացի ժողովուրդն արժանի է ավելի լավ կառավարության, քան ներկայում ունի»: Նա պարզաբանել է, որ 2014 թվականի փետրվարին իշխանափոխությունից հետո կառավարությունը չարդարացրեց ժողովրդի սպասելիքները:
Ուրբաթ ավելի վաղ Սավչենկոյի հետ հարցազրույց էր հրապարակել նաեւ The Telegraph-ը: «Պատրաստ եմ աշխատել՝ ուր էլ լինի, որպեսզի Ուկրաինան ավելի հզոր դարձնեմ: Եթե դրա համար հարկ լինի, որ նախագահ դառնամ, ուրեմն ես նախագահ կդառնամ»,- ասել է նա:
Ըստ ՌԲԿ-ի, խոսելով Ռուսաստանի մասին՝ Սավչենկոն արեւմտյան տերություններին կոչ է արել հստակ դիրքորոշում ունենալ Մոսկվայի հանդեպ: Նա ընդգծել է, որ Եվրոպան եւ Ամերիկան պետք է հասկանան, որ «եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայի սահմանին, ապա հաջորդ անգամ նա Լեհաստանի կամ Գերմանիայի հետ սահմանին կհայտնվի»: