Բեռլուսկոնին կարող է վիրահատվել հունիսի 14-ին
International newsԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սրտի վիրահատությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հունիսի 14-ին: Այդ մասին հայտնել է քաղաքական գործչի բուժող բժիշկը` Ալբերտո Զանգրիլլոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բեռլուսկոնին հանգիստ է: Վիրահատությունը հավանաբար տեղի կունենա երեքշաբթի` հունիսի 14-ին», — Ձանգրիլլոյի խոսքերն է մեջբերում ANSA գործակալությունը, որը լրագրողների հարցերին պատասխանել է միլանյան San Raffaele հիվանդանոցի ելքի մոտ, որտեղ անցած երեքշաբթի տեղափոխվել էր նախկին վարչապետը:
«Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդի բուժող բժիշկը հավելել է, որ վիրահատությունից հետո վերականգնողական ժամանակաշրջանն առնվազն մեկ ամիս կտեւի:
Հայտնի քաղաքական գործչին հիվանդանոց են տեղափոխել երեքշաբթի առավոտյան, դրանից մի քանի օր առաջ նա սրտային անբավարարության նոպա էր ունեցել, որը, ինչպես նշում են ԶԼՄ-ները, սթրեսի հետեւանք էր:
Հինգշաբթի երեկոյան Բեռլուսկոնիի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլլոն հայտնել էր, որ իր հիվանդը սրտի վիրահատության կարիք ունի աորտալ փականի փոխարինման նպատակով, որը կանցկացվի եկող շաբաթվա կեսին եւ 4 ժամ կտեւի: