Եթե ՀՀԿ-ն կուլ գնա այդ շահերին, ապա... Վ. Բաղդասարյանը՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին
PoliticsԱզգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ գործարար շրջանակների, պատգամավորների դժգոհություններին, նշեց, որ դժգոհություններ միշտ եղել են, սակայն «քննարկումների արդյունքում միշտ էլ հնարավոր է եղել նրանց հետ ընդհանուր հայտարարի գալ»:
«Չի կարող մի բանը բոլորի համար լավ լինել: Մենք հասկանում ենք, որ կան տարբեր շահեր, սակայն, եթե ՀՀԿ-ն կուլ գնա այդ շահերին, մենք չենք կարող ունենալ այն Հարկային օրենսգիրքը, որն անհրաժեշտ է մեր պետության ապագա զարգացման համար: Իհարկե, մենք պետք է լսենք նաեւ նրանց, հաշվի առնենք նրանց առաջարկները, մենք ոչ թե առանձին ոլորտի, այլ մեր ողջ տնտեսության հաջողության համար պետք է մտածենք»,- ասաց նա:
Այն դիտարկմանը, թե արդեն «սպառնալիքներ» են հնչում մարդկանց փողոց հանելու մասին, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց հետեւյալ կերպ. «Այդ հայտարարությունները ես համարում եմ նախընտրական հայտարարություններ: Ես այդպիսի քայլերի մեջ արդյունք չեմ տեսնում: Այն քննարկումները, որոնք պետք է տեղի ունենան Ազգային ժողովում, այդտեղ պետք է ոտքի կանգնել, մասնակցել այդ քննարկումներին, ոչ թե ժողովրդին է պետք ոտքի հանել: Եթե դրա կարիքը լինի, ժողովուրդը ոտքի կկանգնի, պետք չէ, որ իրենք ժողովրդին ոտքի հանեն»:
Սոսե Չանդոյան