Վարդան Օսկանյանը՝ «Համախմբում» կուսակցության նախագահ
PoliticsԱյսօր մայրաքաղաքի DoubleTree By Hilton հյուրանոցային համալիրի «Երևան» սրահում մեկնարկեց «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։ Հիմնադիր համագումարում որոշում կայացվեց Վարդան Օսկանյանին ընտրել կուսակցության նախագահ: Կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին ԱԺ պատգամավորներ, նախկին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը: Կուսակցության խորհրդի համակարգող ընտրվեց Անդրանիկ Թևանյանը:
Ընտրություններից հետո կուսակցության նախագահը հանդես եկավ ելույթով և բավական հանգամանալից անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ քննադատեց բոլորին՝ լրագրողներից մինչև իշխանությունների ամենավերին օղակներ:
«Ձախողվում են այն պետությունները, որոնք կենտրոնանում են իրենց նեղ շրջանակներով խնդիրներ լուծելու վրա: Արմատական և երկրորդ ու երրորդ սերնդերի փոփոխություն է հարկավոր: Հայաստանը ոչ ազատ մամուլ ունեցող երկիր է ընկալվում, կա կոռուպցիայի բարձր մակարդակ: Ստացվում է, որ այսօր Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ, մամուլի ու խոսքի սահմանափակում: Մեր կուսակցությունն ապահովելու է այս խնդիրների լուծումն ու երկրի առաջխաղացումը: Մենք ունենք այդ քաղաքական կամքը»,- ասաց Վ. Օսկանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումները հանգեցրել են տնտեսության լճացմանը և աղքատության աճին, իսկ աղքատության նման մակարդակով հնարավոր չէ տնտեսական աճ արձանագրել: Խոսելով անվտանգության հետ կապված խնդիրների մասին՝ նա նշեց, որ ապրիլյան պատերազմը եղածը վերագնահատելու առջև է կանգնեցրել բոլորին:
«Ամեն մի լումա, որը դրվում է բանակի վրա, պետք է տասնապատիկ արդյունավետություն ունենա: Մեր արտաքին քաղաքականությունը հստակ նպատակ չի ունեցել, ուստի նպատակից վերածվել է միջոցի»,- ասել է Վ. Օսկանյանը:
Նա նաև նշեց, որ, որպես մարդ, ինքն էլ ունի իր թերությունները, բայց երկու առավելություն ունի՝ սերը հայրենիքի հանդեպ և հավատարմությունը պետական համակարգին:
«Եթե ուզում եք իմանալ, ես լավ հայաստանցի եմ, լավ ղարաբաղցի եմ, լավ հալեպցի եմ»,- իր ելույթն այս խոսքերով ավարտեց Վ. Օսկանյանը:
Ա. Գրիգորյան