Կանադական խորհրդարանն օրինականացրել է էվթանազիան
International newsՍենատի (վերին պալատի) կողմից համապատասխան օրինագծի հավանության արժանանալուց հետո կանադական խորհրդարանը օրենք է ընդունել, որն ակտիվ էվթանազիա է թույլ տալիս, հայտնում է CBC News հեռուստաալիքը:
Ուրբաթ երեկոյան օրինագիծը թագավորի թույլտվությունն է ստացել: Ավելի վաղ այդ օրը սենատում քվեարկություն է տեղի ունեցել. 44 մարդ հավանություն է տվել օրինագծին, 28-ը դեմ է քվեարկել:
Համայնքների պալատը եւ սենատը երկար ժամանակ վիճում էին փոփոխություն մտցնելու անհրաժեշտության մասին, որը լուրջ հիվանդություններից տառապող, բայց ոչ մահվան շեմին գտնվող կանադացիներին թույլ կտար էվթանազիա կատարել: Սենատը նախ ընդունել էր այդ փոփոխությունը, բայց հինգշաբթի համայնքների պալատն այն մերժել էր: Արդյունքում որոշվել էր չմտցնել այդ փոփոխությունը:
2015-ի փետրվարին Կանադայի Գերագույն դատարանը հանել է էվթանազիայի արգելքը, որը երկրում գործում է 1993 թվականից: Գերագույն դատարանը որոշել է, որ կյանքից կամավոր հեռանալու իրավունք ունեն այն հիվանդները, որոնք «անտանելի տառապանքներ են ապրում» կամ որոնց առողջական վիճակը գնահատվում է որպես անբուժելի: Որպեսզի դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է համապատասխան օրենք ընդունի: