Ֆրանսիայում զբոսաշրջիկների վրա հարձակումներ նախապատրաստած երիտասարդին ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել
International newsՖրանսիայում շաբաթվա սկզբին հարձակումներ պլանավորելու կասկածանքով ձերբակալված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար, հաղորդում է France Press գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն անցած երկուշաբթի ձերբակալել էին իրավապահների և զբոսաշրջիկների վրա հարձակումների նախապատրաստման մեջ կասկածվող 22-ամյա երիտասարդի։ Հատուկ ծառայությունների տվյալներում որպես վտանգ ներկայացնող անձ նշված տղամարդը ձերբակալվել է Կարկասոն քաղաքում։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ պլանավորել էր հարձակումներ գործել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա, ինչպես նաև հարձակումներ էր նախապատրասել իրավապահ մարմինների ներկայացուցիչների դեմ։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ։ Տղամարդու փաստաբանը հերքում է, որ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի։
Ըստ Monde թերթի տվյալների՝ երիտասարդը իսլամ է ընդունել 2014թ-ին։ Նա իր մանկությունն անց է կացրել Լյունել կոմունայում, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում։ Հայտնի է, որ Ֆրանսիայի այդ հատվածների երիտասարդներից շատերը իսլամ են ընդունել և միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։