Պատգամավոր Քոկսի սպանության համար մեղադրվողը կանգնել է դատարանի առջեւ
International newsԱրեւելյան Յորքշիրի 52-ամյա բնակիչ Թոմաս Մեյրը, որը մեղադրվում է բրիտանական խորհրդարանի անդամ Ջո Քոկսի սպանության համար, առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ:
Երբ Վեստմինստերյան դատարանը նրան խնդրել է հաստատել իր անունը, Թոմաս Մեյրն ասել է. «Մահ դավաճաններին, ազատություն Մեծ Բրիտանիային», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեյրին մեղադրում են նաեւ հանցագործություն կատարելու նպատակով հրազեն եւ հարձակողական զենք ունենալու համար:
Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր 41-ամյա Ջո Քոկսը սպանվել էր հունիսի 16-ին Լիդսից ոչ հեռու Բերստալլ տեղանքում իր պատգամավորական ընդունարանի մոտ:
Ականատեսների պատմելով, Քոկսին է մոտեցել տղամարդ, որը, ըստ ամենայնի, որոշ ժամանակ սպասել էր նրա ընդունարանի մոտ, սկզբում երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ, իսկ հետո, երբ Քոկսն ընկել է, երրորդ անգամ` գլխին: Հետո նա մի քանի անգամ դանակով հարվածել է խորհրդարանի անդամին:
Ջո Քոկսն ավելի ուշ` հիվանդանոցում մահացել է վերքերից:
Ջո Քոկսը քարոզչական արշավի էր մասնակցում Բրիտանիայի` հունիսի 23-ին նշանակված հանրաքվեի արդյունքում Եվրամիությունում մնալու օգտին:
Երկու ճամբարն էլ դադարեցրել են քարոզչությունը այդ դժբախտ դեպքի պատճառով: