Brexit. «Վարակիչ հիվանդության» սպառնալիք Եվրոպայի համար
International newsՀունիսի 23-ին Բրիտանիայում կայանալիք հանրաքվեն՝ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցը՝ Brexit-ը, կարելի է որակել ինչպես Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն է համարում վարակիչ հիվանդություն, որով կարող են հիվանդանալ ԵՄ անդամ մի շարք պետություններ: Երկու սցենարների դեպքում էլ Եվրոպան աշխարհի կողմից չի ընկալվի այնպիսին, ինչպիսին եղել է:
ICM սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը 6%-ով գերազանցում է եվրաինտեգրացման կողմնակիցների թվին՝ 53%-ը 47%-ի հարաբերակցությամբ:
Հետաքրքիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հարցը քննարկվում էր դեռևս այդ կազմում անդամագրվելու՝ 1973թ-ից ի վեր:
Լոնդոնը ԵՄ-ից պահանջել է. 1. Առաջիկա 4 տարիների ընթացքում չեղյալ հայտարարել սոցիալական նպաստներն այլ երկրներից Մեծ Բրիտանիա ժամանողների համար: 2. Փոխել ԵՄ կանոնադրությունը, որոնք կարգավորում են աշխատանքային ժամերն ու հանգստյան օրերը, կամ Բրիտանիան ազատել նման օրենքներից. 4. Փոխել ԵՄ-ի անվտանգության քաղաքականությունը կամ այն չպետք է տարածվի Մեծ Բրիտանիայի վրա: 4. Ուղղումներ կատարել քրեական օրենսգրքում:
Բրիտանիայի կամակորություններին տեղի տալը կնշանակի միասնական քաղաքականությունից հրաժարվել: Կարելի է փոփոխություններ չիրականացնել ԵՄ կանոնադրությունում, միայն դրանցից ազատել Մեծ Բրիտանիային: Սակայն, զիջելով Բրիտանիային, ԵՄ-ը մեկ այլ խնդրի առաջ կկանգնի՝ ՄԲ-ին կարող են հետևել ԵՄ մի շարք անդամներ, օրինակ Լեհաստանը, Հունաստանը, հավանական է, դուրս կգա եվրագոտուց, Ֆրանսիան՝ Շենգենյան համաձայնագրից:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքը «միակողմանի տոմս կդառնա»: Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունից հրաժարվելը ծանր հետևանքներ կունենա տնտեսության ոլորտում:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով համաձայն մի շարք աղբյուրների, աջակցում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն, հայտարարել է, որ Եվրոպական Միությունը շարժվում է սխալ ուղղությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը կքվեարկի Եվրամիության կազմում մնալու օգտին:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը մտադիր է կոշտ դիրքորոշում զբաղեցնել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև հետագա հարաբերությունների կառուցման մեջ, եթե վերջինս դուրս գա ԵՄ կազմից:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստինա Լագարդը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տնտեսական հետևանքները մինաշանակ բացասական կլինեն ինչպես Եվրամիության, այնպես էլ Մեծ Բրիտանիայի համար:
Ակնհայտ է մի բան՝ երկու սցենարների դեպքում էլ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի համար դառնում է դեստրուկտիվ տարր: Միայն Brexit-ի դեպքում ԵՄ փլուզումն ավելի շուտ տեղի կունենա, քան երկրորդ սցենարի պարագայում:
Հրաչուհի Հայրապետյան