«Եվրո 2016». Ֆրանսիան դժվարին պայքարում անցավ քառորդ եզրափակիչ
Sport«Եվրո 2016-ի» 1/8 եզրափակիչ Ֆրանսիա–Իռլանդիա հանդիպումն ավարտվել է: Ֆրանսիայի ընտրանին կամային հաղթանակ է տարել` 2-1 հաշվով:
Ֆրանսիա-Իռլանդիա հանդիպման 1-ին կեսը «Եվրո 2016»-ի ամենամեծ անակնկալն էր: Ֆրանսիայի հավաքականը, լինելով հանդիպման բացահայտ ֆավորիտը, իր անատամ գործողություններով ոչինչ չկարողացավ հակադրել Իռլանդիային: 1-ին կեսի հենց 2-րդ րոպեին Իռլանդիան կազմակերպեց վտանգավոր առաջխաղացում, որի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց. Պոլ Պոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Շեյն Լոնգի նկատմամբ, որից հետո Ռոբի Բրեդին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Գոլ բաց թողնելուց հետո, ֆրանսիացիները ակտիվացան և առավելություն ստացան: Առաջին կեսն անցնում էր, սակայն Ֆրանսիան այդպես էլ իրական հնարավորություն չուներ դարպասը գրավելու: Ֆրանսիացիների մի քանի առաջխաղացումներին Իռլանդիան պատասխանեց 21-րդ րոպեին: Մերֆիի հարվածից հետո Լյորիսը գնդակը դժվարությամբ ետ մղեց: Ֆրանսիան 1-ին անգամ վտանգավոր հարված իրացրեց 24-րդ րոպեին, երբ Պոլ Պոգբայի 30 մետրից կատարած հարվածը որսաց Դարեն Ռենդոլֆը: 1-ին կեսի ավելացրած 1-ին րոպեին Պայեն ու Գրիզմանը ստացան դարպասը գրավելու եզակի հնարավորթյուններ: 2 դեպքում էլ պաշտպաններն ու դարպասապահ Ռենդոլֆը հաջող գործեցին: 1-ին կեսը այդպես էլ ավարտվեց Իռլանդիայի սենսացիոն հաղթանաով`1-0 հաշվով:
2-րդ խաղակեսը Ֆրանսիան սկսեց կերպարանափոխված: Ֆրանսիացիները տիրեցին նախաձեռնությանը և արագորեն հասան իրենց ուզածին: Առաջին վտանգավոր գրոհը եղավ 48-րդ րոպեին: Պայեն գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Կոնսելնիի հարվածը շեղ ընթացավ: Ֆրանսիան իր առավելությունը գոլի վերածեց 58-րդ րոպեին: Գրիզմանը, ստանալով թիմակցի հիանալի փոխանցումը, գլխի հարվածով գնդակը մխրճեց դարապասը` հավասարեցնելով խաղի հաշիվը: Անցավ ևս 3 րոպե ու կրկին Գրիզմանն իր բարձրության վրա էր: Օլիվյե Ժիրուն, երկար փոխանցում ստանալով, գնդակը գլխով ուղարկեց մի փոքր ետ՝ Գրի զմանին, որը հասավ տուգանային հրապարակ և առաջ մղեց իր թիմին: Իռլանդիայի հավաքականի գործերը ավելի վատացան 66-րդ րոպեին: Շեյն Դաֆին ստացավ կարմիր քարտ և հեռացավ խաղադաշտից: 77-րդ րոպեին Իռլանդիային փրկեց հորիզոնական դարպասաձողը: Հարվածողը փոխարինման դուրս եկած Անդրե-Պիեռ Ժինյակն էր: Նա հերթական պահը ունեցավ 86-րդ րոպեին, սակայն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Ֆրանսիան վստահորեն վերահսկեց խաղի ընթացքը և հանդիպումը հասցրեց հաղթական ավարտի: Ֆրանսիան պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում և սպասում է Անգլիա-Իսլանդիա զույգի հաղթողին: