Շարմազանովը հորդորում է Սեֆիլյանի ձերբակալությունը նրա քաղաքական գործունեության հետ չկապել
PoliticsԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:«Հայաստանում քաղաքական բանտարկյալների ժամանակները վաղուց անցել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով հնչող կարծիքներին, թե Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական բանտարկյալ է:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել են, քանի որ վերջինս ցանկացել է գնալ և գրավել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած տարածքները, Շարմազանովն ասաց. «Ես համաձայն չեմ: Ես բոլորին կհորդորեմ ցանկացած իրավական գործընթացի դեպքում հետևել ընթացքին և ամեն ինչ չկապել քաղաքական գործունեության հետ: «Ես չեմ կարծում, որ Հայաստանում միայն Ժիրայր Սեֆիլյանն է հայրենասեր և ցանկանում է գնալ պաշտպանել մեր հողերը: Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայել են, ծառայում են և դեռ կծառայեն իրեն ց հայրենիքին, իսկ այս դեպքում որևէ քաղաքական շեշտադրում չկա: Ի վերջո, կա դատավարություն և պետք է վստահել դատավարությանը, և ամեն ինչ պարզ կլինի»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:
Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է հունիսի 20-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: