ՀՕՊ համաձայնագիրը կրում է հղում 1995թ. համաձայնագրին. Ա. Ռուստամյան
PoliticsԱյսօր ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ինչպես նշեց պատգամավորը, կա ոսկե կանոն՝ եթե չունես այլընտրանք, ամրացրու այն, ինչ ունես: Դրանից շեղվելու դեպքում փլուզում ես անվտանգության համակարգը:
«Ոմանց համար ապրիլյան պատերազմն առիթ էր, որպեսզի այս այլընտրանքը չունենալով՝ զրկվենք նրանից, ինչ ունենք: Քառօրյա պատերազմը նաեւ այլ բաներ է ցույց տվել՝ փոխվել է միջազգային իրավիճակը, փոխվել են խաղի կանոնները, եւ ով ուժեղ է, պարտադրում է խաղի կանոնները: Խնդիրը շատ պարզ է դրված` սրանով մենք ուժեղանո՞ւմ ենք, թե՞ չենք ուժեղանում: Խոսքը գնում է պաշտպանության մասին: Ինքնապաշտպանությունը ցանկացած պետության սուրբ իրավունքն է: Եթե ձեզ թվում է, որ մեզ վրա հարձակվեն, մենք պետք է ինչ-որ մեկից հարցնե՞նք` մեր ինքնապաշտպանությունն իրացնե՞նք, թե՞ ոչ, ուրեմն դուք այս աշխարհից չեք»,- ասաց նա:
«Պայմանագրերի միջոցով չէ, որ հարձակվում են, ֆորս մաժորը պայմանագրերի խախտում է, երբ ձեռքիդ տակ եղած զենքով դիմում ես ինքնապաշտպանության: Հենց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք դիմում ենք ինքնապաշտպանության եղած զենք ու զինամթերքով` առանց որեւէ մեկից հարցնելու: Եվ եթե Հայաստանը փամփուշտ չունենա, մյուս զինատեսակները չունենա, ապա ինչպե՞ս է պաշտպանվելու: Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ կարող է ապահովվել զենք-զինամթերքի առկայությունը, քանի որ այլընտրանք չկա»,- հավելեց նա:
Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ ՀՕՊ համաձայնագիրը կրում է հղում 1995թ. համաձայնագրին, որում ասվում է, որ հակաօդային պաշտպանության համատեղ իրականացումը կատարվում է համադրող խորհրդի կողմից, որի ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը: Այդ փաստաթղթի տակ ստորագրել է 12 պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը եւ Վրաստանը: