«Եվրո-2016». Բելգիան ընդդեմ Ուելսի
Sport«Եվրո-2016»-ում կկայանա երկրորդ քառորդ եզրափակիչը: Միմյանց հետ ֆուտբոլային հարաբերությունները կպարզեն Ուելսի և Բելգիայի ազգային ընտրանիները:«Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման նախախաղային անոնսը:
Ուելսի ազգային հավաքական: «Եվրո -2016»-ում Ուելսի հավաքականը կերտեց իր ֆուտբոլային պատմության ամենանշանակալի էջը: Գարեթ Բեյլն ու ընկերները պայքարը շարունակում են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի ամենավառ խաղ ցուցադրող աստղերից 2-ը կհանդիպեն խաղադաշտում: Ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Գարեթ Բեյլին խաղադաշտում կդիմագրավի ոչ պակաս վստահ հանդես եկող Էդեն Ազարը: 1958-ից ի վեր, երբ Պելեն հեղինակեց «Ուելսյան ողբերգություն»-ը, սա վալիացիների ամենամեծ հաջողությունն է ֆուտբոլում:
Ուելսի ազգային ընտրանին «Եվրո-2016»-ի խմբային փուլի առաջին խաղում հաղթեց Սլովակիային: 2-րդ տուրում Անգլիայի հավաքականի նկատմամբ ունենալով առավելություն՝ Ուելսը, այնուամենայնիվ, պարտվեց: Ռուսաստանի հավաքականի դեմ հաջորդ խաղը Ուելսը անցկացրեց մեկ շնչով և հաղթեց 3-0 հաշվով:
Հյուսիսային Իռլանդիայի հետ 1/8 եզրափակիչ հանդիպումը անչափ բարդ ընթացք ունեցավ Ուելսի հավաքականի համար: Բրիտանական դերբիում, այնուհանդերձ, հաղթողները Քրիս Կոլմանի ֆուտբոլիստներն էին: Հանդիպման 75-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Գարեթ Մաքոուլին, հանդիպումն ավարտվեց Ուելսի ընտրանու հաղթանակով նվազագույն 1-0 հաշվով:
Բելգիայի հետ խաղում Ուելսը դիմակայության ֆավորիտը չէ: Բելգիացիները ակտիվ հարձակողական ֆուտբոլ կառաջարկեն մրցակցին, իսկ այս պարագայում Ուելսի հաղթաթուղթը արագ հակագրոհները կդառնան: Ուելսի ընտրանին նախորդ հանդիպումներում էլ ապացուցել է, որ պաշտպանությունից խաղը ավելի լավ է ստացվում, քան 1-ին համարով ֆուտբոլը:
Բելգիայի ազգային հավաքական: Բելգիայի ազգային ընտրանին «Եվրո-2016»-ի գլխավոր ֆավորիտներից մեկն է այս պահին: Էդեն Ազարը թիմի անվիճելի առաջատարն է: Գեղեցիկ հարձակողական ֆուտբոլը Բելգիայի ընտրանու գլխավոր առավելթյունն է բոլոր թիմերի նկատմամբ: Ուելսի ընտրանին այս իրավիճակում կարող է բախվել անանցանելի պատի: Նույիսկ Ազարի բացակայության պայմաններում Բելգիայի ուժերի սահմաններում է Ուելսի հավաքկանին անցնելը:
«Եվրո-2016»-ը Բելգիայի հավաքականի համար անփառունակ սկիզբ ունեցավ: Իտալիայի ընտրանին ավելի համեստ ֆուտբոլիստներով կարողացավ վստահ հաղթանակ տոնել: Բելգիան հավաքվեց և հաջորդ 2 խաղերում վաստակեց 6 միավոր:
Բելգիացիների իսկական ուժն երևաց 1/8 եզրափակիչում: Հունգարիայի հավաքականը «Եվրո-2016»-ում մի շարք անակնկալներ արարելուց հետո հայտնվեց Բելգիայի ճանապարհին: Մարկ Վիլմոտսի թիմը ոչ ավել, ոչ պակաս չնկատեց Հունգարիային: Հանդիպումն ավարտվեց բելգիացների հաղթանակով՝4-0 ջախջախիչ հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Տոբի Անդերվեյրելդը, Միշի Բաքշուաին, Էդեն Ազարը և Յանիկ Ֆերերո Կարասկոն: Բելգիան վստահ մուտք գործեց քառորդ եզրափակիչ:
Ուելս-Բելգիա: Ուելսի և Բելգիայի հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 12 հանդիպում: Բելգիացիներն աննշան առավելություն ունեն: Մարկ Վիլմոտսի թիմի ակտիվում կա 5 հաղթանակ, իսկ Կոուլմանը 4 խաղում է հաջողության հասել: 3 հանդիպում էլ թիմերը ավարտել են հաշտությամբ: Ուելս –Բելգիա մրցավեճը տեղի է ունենալու Լիլ քաղաքում: Դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում հանդիպելու է Պորտուգալիայի ընտրանու հետ: Հանդիպման գլխավոր մրցավարը Դամիր Սկոմինան է, իսկ մեկնարկը տրվելու է Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: