Շվեդիայի ոստիկանությունը նորից հաղորդումներ է ստացել միգրանտների կողմից սեռական ոտնձգությունների մասին
International newsԱնչափահաս փախստականների կողմից սեռական ոտնձգությունների նոր դեպքեր են գրանցվել կենտրոնական Շվեդիայի Կառլսթադ քաղաքում երիտասարդկան փառատոնի ժամանակ: Անցած գիշեր այդ կապակցությամբ ոստիկանությունը աղջիկներից մոտ 12 հաղորդում է ստացել, հայտնում է SVT հեռուստաալիքը:
«Փառատոնին մարդկանց հոծ բազմություն է, այնտեղ շարժվելու տեղ չկա: Յոթ-ութ մարդուց բաղկացած մի քանի խմբեր շրջապատում են 14-18 տարեկան աղջիկներին ու նրանց նկատմամբ ոտնձգություններ անում»,- պարզաբանել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Պեր Արնե Էրիկսոնը:
Նրա խոսքով, իրավախախտները, անչափահաս միգրանտներ են, որոնք Շվեդիա են ժամանել առանց մեծահասակների ուղեկցության: Նրանցից երկուսը՝ 16 ու 17 տարեկան, ձերբակալվել են գիշերօթիկում, որտեղ նրանք ապրում են: Ոստիկանությունը հարցաքննել է կասկածյալներին:
Ամանորյա գիշերը դեռահաս միգրանտների խմբերը նույնպես ոտնձգություններ են արել կանանց նկատմամբ քաղաքում զանգվածային տոնական միջոցառումների ժամանակ, սակայն նրանցից ոչ մեկը չի դատապարտվել: 2014 ու 2015թթ. Ստոկհոլմում We are Sthlm երիտասարդական փառատոնի ժամանակ միգրանտների կողմից շվեդուհիների նկատմամբ նմանատիպ ոտնձգությունների փաստերով իրավապահները առհասարակ քրեական գործ չէին հարուցել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, որ իրավախախտումների քանակը նվազագույն է եղել:
Անցած տարի Շվեդիա է ժամանել 163 հազար միգրանտ: Նրանցից 35 հազարը անչափահասներ են, որոնց մեծահասակներ չեն ուղեկցում, նրանց մեծ մասը ծագումով Աֆղանստանից է: Այս տարի, ըստ կանխատեսումների, թագավորություն կարող է ժամանել մինչեւ 100 հազար միգրանտ: