Քլինթոնը կողմնակի մարդկանց գաղտնի տվյալներ է հայտնել Հունաստանի ֆինանսական ճգնաժամի մասին
International newsՀիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում իր գործունեության ժամանակ (2009-2013թթ) կողմնակի մարդկանց գաղտնի տվյալներ է հայտնել Հունաստանի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին: Այդ գաղտնի տեղեկությունները շատ կարեւոր էին նախկին պետքարտուղարի փեսայի համար, որը ղեկավարում է ներդրումային հիմնադրամն ու մասնագիտացած էր Աթենքի պարտային պարտավորությունների գծով, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը վկայակոչում է Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության հերթական գաղտնազերծված մասը: Ըստ այդ նամակների, 2012-ին պետքարտուղարը դիվանագիտական ուղիներով իմացել էր, թե Գերմանիայի կառավարությունը ինչ է մտադիր անել Հունաստանի պարտքերի վերակազմակերպման խնդրի հետ ու այդ տվյալները հայտնել է Սիդնեյ Բլումենթալին: Նա Բիլ ու Հիլարի Քլինթոնների բարեգործական հիմնադրամի խորհրդականն է:
Հեռուստաալիքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Պետքարտուղարը զուտ ծառայողական տեղեկությունները հայտնել է նաեւ իր ամուսնուն, ինչը նույնպես արգելված է: Այդ նույն 2012-ին Բիլի ու Հիլարիի փեսան՝ Մարք Մեզվինսկին, Կայմանյան կղզիներում ֆինանսական ձեռնարկությունների ցանց է բացել ՝ 325 մլն ակտիվով: Այդ ձեռնարկությունները ակտիվ դերակատարում են ունեցել ֆոնդային բորսայում ՝ Հունաստանի պարտային պարտավորությունների արժեքի կտրուկ բարձրացման հույսով, այլ կերպ ասած ՝ պետքարտուղարի հայտնած տեղեկությունների հիման վրա նրանք կարող էին էժան պարտատոմսեր գնել, իսկ հետո դրանք թանկ վաճառել:
Էլեկտրոնային նամակագրության շուրջ սկանդալը հայտնի էր դարձել անցած տարվա մարտին: Պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնը իր աշխատանքային հարցերի համար օգտագործել է ոչ թե իր ծառայողական այլ անձնական փոստային սերվերը: Դա առաջացրել էր Վաշինգթոնի տարակուսանքը ու նրան մեղադրել են ներքին անվտանգության կանոնների լուրջ խախտման համար:
Քլինթոնն ինքը ավելի վաղ ընդունել է, որ ինքը չպետք է չպաշտպանված սերվեր օգտագործեր իր աշխատանքի համար: Ընդ որում նա հերքել է, որ ինքը գաղտնի տեղեկություններ է հաղորդել իր նամակներում: Նախկին պետքարտուղարն ավելի ուշ իր ամբողջ ծառայողական նամակագրությունը փոխանցել է Պետքարտուղարությանը, իսկ անձնականը ջնջել է, ինչը նորից կոշտ քննադատության է արժանացել: Դեռ պաշտոնապես չեն հայտնում, արդյոք նա դրա համար պատժվելու է թե ոչ: