Բաղդադում պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 130-ը
International newsԲաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 131 մարդ է զոհվել, ևս 200-ը վիրավորվել են: Վիրավորներից շատերի վիճակը ծանր է գնահատվում:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը: Նշվում է, որ այլ աղբյուրների համաձայն` զոհերի թիվը 165-ի է հասել: Հեռուստաընկերության հաղորդմամբ` զոհերի թվում շատ երեխաներ կան:
Կիրակի գիշերը Իրաքի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել կենտրոնական Կարադա շրջանի ռեստորաններից մեկի մոտ և հյուսիսային Աշ-Շաաբ շրջանի շուկայի մերձակայքում:
Նախնական տվյալներով` հաղորդվում էր 27 զոհի և 57 վիրավորի մասին: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Հարձակումը տեղի է ունեցել Ռամադան մուսուլմանական սուրբ ամսվա ամենաթեժ պահին, երբ հավատացյալները գնումներ են կատարում տոնակատարության ժամանակ: