«Սանտա-Կոլոմա»-ի մարզիչը հույս ունի Հայաստանից հեռանալ դրական արդյունքով
Sport«Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի առաջին տուրի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» պատասխան հանդիպումից առաջ տեղի ունեցավ Անդորրան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ` Ռիչարդ Իմբերնոնի հանդիպումը լրագրողների հետ:
Անդորրացի մասնագետը բարձր գնահատեց հայկական ակումբի հնարավորությունները և հայտնեց, որ առաջին խաղում եղած արդյունքը դրական են համարում: Մարզիչը նաև նշեց, որ այս խաղը անչափ բարդ է երկու կողմերի համար, և իրենք ամեն ինչ անելու են ցանկալի արդյունքի հասնելու համար:
«Մենք ավելի համեստ հնարավորություններ ունենք, քան հայկական ակումբը: Մեր ակումբը սիրողական է: Մեծ հարգանք ենք տածում մեր մրցակցի նկատմամբ և այս հանդիպմանը մոտենում ենք համեստությամբ: «Ալաշկերտ»-ը տեխնիկական և ֆիզիկական առումով գերազանցում է մեզ: Հաշվի առնելով առաջին հանդիպման արդյունքը` մենք հույս ունենք դուրս գալ հաջորդ փուլ»,-ասաց «Սանտա Կոլոմա»-ի մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը:
Անդորրական թիմի մարզիչը նաև խոսեց թիմում հանդես եկող առաջատար ֆուտբոլիստի` Խուան Կապդևիլիայի մասին: Մասնագետի խոսքով` Կապդևիլիան առաջին ճանաչված ֆուտբոլիստը չէ, որ հանդես է եկել իրենց ակումբում:
«Կապդևիլիան մեծ պրոֆեսիոնալ է: Անգամ այն պարագայում, որ նա 38 տարեկան է, նրա ներկայությունը խաղադաշտում արդեն վստահություն է հաղորդում մեզ»,- նկատեց «Սանտա Կոլոմա»-ի մարզիչը:
Անդորան ներկայացնող ակումբը 2 տարի առաջ հանդիպել է հայկական մեկ այլ ակումբի`«Բանանց»-ի դեմ խաղում և հաղթել: Ռիչարդ Իմբերնոնի խոսքով, «Ալաշկերտ»-ն ավելի ուժեղ և պատրաստված է, քան «Բանանց»-ը:
«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել է 0-0 հաշվով: Խաղը կսկսվի ժամը 19:00-ին: