Սուխումում ընդդիմությունը կոտրել է ՆԳՆ-ի մուտքի դարպասները
International newsԱբխազիայում ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահի արտահերթ ընտրությունների շուրջ հանրաքվեն հետաձգել մինչեւ աշուն եւ պաշտոնանկ անել ՆԳ նախարարին: Նման պահանջներ են հնչեցվել ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության համագումարի ընթացքում:
Ըստ Ապսնիպրես-ի, համագումարից հետո մասնակիցները շարժվել են դեպի նախագահ Ռաուլ Հաջիմբայի նստավայր: Վերջինը, սակայն, մերժել է ընդդիմության պահանջները:
«Մենք չպետք է տրվենք այդ սադրանքներին: Հանրաքվեն չենք հետաձգելու: Այն նշանակված հուլիսի 10-ին եւ անցկացվելու է»,- ընդգծել է Ռաուլ Հաջիմբան:
Ակցիայի մասնակիցների մի մասն էլ ուղղվել է դեպի ՆԳ նախարարության շենք՝ պահանջելով նախարար Լեոնիդ Ձապշբայի հրաժարականը: Տարերային ցույցը վերաճել է իրավապահների հետ բախումների: Աղբյուրի համաձայն, ընդդիմադիրները ներխուժել են ՆԳՆ տարածք, իսկ իրավապահների հետ բախումների ընթացքում քարեր եւ ձեռքի տակ եղած այլ առարկաներ են օգտագործել: Նրանք նաեւ քանդել են ՆԳՆ-ի մուտքի դարպասները: