Աբխազիայում հուլիսի 10-ին տեղի կունենա նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման հարցով հանրաքվե
International newsSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել հուլիսի 10-ին հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին, որը կնպաստի հասարակության շրջանում լարվածության նվազեցմանը:
«Ես կայացրել եմ հանրաքվե նշանակելու մասին որոշում, որպեսզի վերացնեմ հասարակության շրջանում առկա լարվածությունը, որը բորբոքում է ընդդիմությունը»,- ասել է նա:
Հաջիմբան ընդգծել է, որ եթե իրենք հրաժարվեին հանրաքվեի անցկացումից, ապա ընդդիմությունը կօգտագործեր դա՝ բողոքի ակցիաներ սկսելու համար. «Այդպիսով, մենք ի ցույց ենք դնում երկխոսության գնալու մեր պատրաստակամությունը։ Ես փակ չեմ լիարժեք քաղաքակիրթ շփման համար»:
Հանրաքվեն առնչվելու է հանրապետությունում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին: