Իրանն ու Թուրքիան պետք է միավորեն ջանքերը՝ լուծելու համար տարածաշրջանի խնդիրները. Ռուհանի
International newsԻրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները:
Ռուհանին հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս կան բոլոր պայմանները՝ Իրանի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար:
Բացի այդ, Ռուհանին Ռամադանի տոնի կապակցությամբ շնորհավորել է Թուրքիայի նախագահին, կառավարությանն ու ժողովրդին: Նա ընդգծել է, որ Իրանն ու Թուրքիան պետք է միավորեն ջանքերը՝ լուծելու համար տարածաշրջանի խնդիրները, ինչը, մասնավորապես, վերաբերում է ահաբեկչական սպառնալիքի կանխմանը:
Ռուհանիի խոսքով՝ Իրանն ու Թուրքիան շատ հարցերում ունեն ընդհանուր շահեր. «Անհրաժեշտ է արագացնել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Դա կարևոր քայլ կդառնա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար»:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նույնպես հանդես է գալիս Իրանի հետ համագործակցության ընդլայնման օգտին, իսկ ահաբեկչությանը կարելի է հաղթել միայն տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցության դեպքում: