35 տարվա ազատազրկման դատապարտված Չելսի Մենինգն ինքնասպանության փորձ է արել
International newsԱՄՆ նախկին զինվորական Չելսի Մենինգը, ով բանտում կրում է իր 35 տարվա ազատազրկման պատիժը` հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթեր հրապարակելու համար, ինքնասպանության փորձ է կատարել:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 28-ամյա Մենինգը փորձել է կախել իրեն առաստաղից Կանզասի «Ֆորտ Լիվենուորթ» բանտում:
Մենինգին հոսպիտալացրել են բանտի հիվանդանոցում, որից հետո բաց են թողել: Ներկա պահին նրա նկատմամբ վերահսկողություն է սահմանված:
2010-ին Մենինգը WikiLeaks կայքում բանակի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել և մեղադրվել է լրտեսության 21 կետով: 2013-ին նրան դատապարտել են 35 տարվա ազատազրկման:
Այն ժամանակ նա դեռ Բրեդլի Մենինգն էր, իսկ դատապարտվելուց հետո հայտարարել է, որ ուզում է կին դառնալ և անվանափոխվել Չելսի: Նրա վերափոխությունը տեղի է ունեցել բանտում:
