«Եվրո 2016». Ֆրանսիան ընդդեմ Գերմանիայի
Sport«Եվրո 2016»-ի կիսաեզրափակիչ հանդիպումներն ավարտվում են: Վերջին մրցավեճը Գերմանիա-Ֆրանսիա խաղն է, որի հաղթողն եզրափակիչում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Գերմանիա-Ֆրանսիա հանդիպման անոնսը:
Ֆրանսիայի ազգային հավաքական: «Եվրո 2016»-ում Ֆրանսիայի ընտրանին ամենակայուն ընտրանին է: Դիդյե Դեշամը կարողացել է ստեղծել մի թիմ, որն ամբողջությամբ ցուցադրում է այն խաղը, որը սպասում էին երկրպագուները: Ֆրանսիան տնային առաջնությունում գլխավոր ֆավորիտն է: Այս ճանապարհին կիսաեզրափակիչում նրան ամենաբարդ մրցակիցն է բաժին հասել ի դեմս Գերմանիայի:
… Ֆրանսիան «Եվրո 2016»-ն սկսեց դժվարին երկու հաղթանակներով: Ֆրանսիացիների առաջին զոհը Ռումինիան էր, երկրորդը՝ Ալբանիան: Ֆրանսիան վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Շվեյցարիայի ընտրանու հետ:
Փլեյ-օֆում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղը առաջին հայացքից պետք է հեշտ տրվեր ֆրանսիացիներին: Սակայն Իռլանդիան խաղասկզբում ավելի ակտիվ գործեց և կարողացավ բացել խաղի հաշիվը: Գրիզմանի ջանքերով Ֆրանսիան բեկեց հանդիպման ընթացը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականի հետ: Իսլանդիան՝ «Եվրո 2016»-ի գլխավոր հայտնությունը ոչ մի խոչընդոտ չստեղծեց ֆրանսիացիների համար: Առաջին խաղակեսում արդեն Ֆրանսիան լուծեց բոլոր հարցերը: Ընդամենը 45 րոպեում Գրիզմանն ու ընկերները 4 գնդակ ուղ արկեցին Իսլանդիայի դարպասը: Երկրորդ խաղակեսում Իսլանդիան պատվով դուրս եկավ բարդ իրավիճակից և կարողացավ խփել հեղինակության 2 գնդակ, իսկ ահա Ֆրանսիան պատասխանեց ընդամենը մեկ գոլով և ձևակերպեց խաղի վերջնահաշիվը `5-2:
Գերմանիայի ազգային հավաքական: Բունդեսթիմը «Եվրո 2016»-ում այլևս ոչ մի սարսափ չունի: Ամենաբարդ մրցակիցը, որը կարող էր հանդիպել Գերմանիայի հավաքականին, Իտալիայի ազգային ընտրանին էր: Գերմանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը, եթե համեմատենք նախորդ մունդիալում ցուցադրած խաղի հետ, ապա մի փոքր խամրել է: Այս պակասը աշխարհի չեմպիոնները լրացնում են նվիրվածության և ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ: Գերմանիայի ընտրանին Ֆրանսիայի հետ դիմակայությանը մոտենում է մեծ կորուստներով: Վնասվածքի պատճառով խաղին չեն կարողանա մա սնակցել Սամի Հեդիրան և Մարիո Գոմեսը: Որակազրկման արդյունքում խաղը բաց կթողնի Մատս Հումելսը:
… «Եվրո 2016»-ը Գերմանիայի ընտրանին սկսեց Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակով: Հաջորդ խաղում Գերմանիան սայթաքեց և ոչ-ոքի խաղաց, սակայն հետագայում կարողացավ կրկին հաղթանակի հասնել: 1/8 եզրափակիչում Գերմանիայի ընտրանու մրցակիցը Սլովակիան էր, որը ստիպված եղավ դարպասից դուրս բերել 3 գնդակ: Քառորդ եզրափակիչում Գերմանիայի ընտրանին տոնեց պատմական հաղթանակ Իտալիայի հավաքականի նկատմամբ: Գերմանիայի հավաքականի համար այս խաղը դարձավ առաջին պաշտոնական հաղթանակը իտալացիների դեմ խաղերում: Հաշիվը բացեց Գերմանիան, հետագայում Ի տալիան 11-մետրանոց հարվածի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Խաղը հասավ մինչև 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ ավելի հաջողակ գտնվեց Գերմանիան: Ֆրանսիայի հետ մենամարտը հերթական դժվար փորձությունն է Գերմանիայի համար:
Գերմանիա-Ֆրանսիա: Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 27 հանդիպում: Ֆրանսիայի ընտրանին ավելի հաջող է գործել և կարողացել է իր օգտին գրանցել 12 խաղ: Գերմանիան իր ակտիվում ունի 9 հաղթանակ: Թիմերի միջև ևս 6 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Որքան էլ տարօրինակ թվա, Գերմանիան նույնիսկ ավելի շատ պարտվելով՝ կարողացել է Ֆրանսիային հավասար գնդակներ հեղինակել: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 43-ական գոլ:
Այս խաղում գլխավոր մրցավարը Նիկոլա Ռիցոլին է: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:
Արմեն Մանուկյան