Միլիարդատեր Ջորջ Սորոսը ԵՄ փրկության ծրագիր է ներկայացրել
International newsՄիլիարդատեր Ջորջ Սորոսը իր սյունակում նկարագրել է, թե ինչ է պետք անել ԵՄ-ն փլուզումից փրկելու համար Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, որի արդյունքում երկիրը դուրս է գալիս Եվրամիության կազմից:
Ինչպես փոխանցում է BBC-ն` ֆինանսիստը գրում է, որ ԵՄ-ն ոչ մի դեպքում չպետք է պատժի բրիտանացի ընտրողներին հանրաքվեի արդյունքների համար:
«Եվրամիությունը պետք է հաշվի առնի, որ բրիտանացիները լրջորեն մտահոգված են ԵՄ-ի քաղաքական կառուցվածքի թերություններով», - գրում է Սորոսը:
Նրա խոսքով` «բրեքսիթը» որպես ամուսնալուծություն ընկալելու փոխարեն Բրյուսելը պետք է օգտագործի ընձեռված հնարավորությունը և կրկին «հայտնագործի» ԵՄ-ն:
Սորոսը կարծում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները պետք է 4 բացառիկ միջոցառումներ իրականացնեն ԵՄ-ի փրկության համար: Առաջին հերթին, անհրաժեշտ է հստակ եզրագծել ԵՄ-ի և եվրոգոտու անդամակցութունը: Երկրորդ հերթին, պետք է ամբողջությամբ օգտագործել ԵՄ-ի անձեռնմխելի վարկային ռեսուրսները:
Երրորդ, ԵՄ-ն պետք է հարստացնի պաշտպանական ներուժը արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար, որոնք կարող են օգտվել ԵՄ-ի ներկայիս թուլությունից:
Չորրորդ, Եվրամիությունը պետք է վերանայի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման իր մոտեցումները: