Հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագիրը ջանքերի համատեղում է. ՀՀ նախագահ
PoliticsՀայաստանի ու Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միավորված (ՀՕՊ) համակարգ ստեղծելու համաձայնագիրը ջանքերի համատեղում է:
Արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, նախ պիտի ասեմ, որ սա նոր թեմա չէ, այն շատ վաղուց առկա է մեր իրականության մեջ: Սկզբնական շրջանում նույնիսկ ունեինք ԱՊՀ մեկ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ: Արդեն 7 տարի է` ունենք С-300 համակարգեր, և մեր հակաօդային պաշտպանության հիմնական միջոցները С-300-ներն են:
Եթե ՀԱՊԿ Հակաօդային պաշտպանության համակարգում ևս նոր հրթիռներ տեղակայվեն Հայաստանում, դա միա յն ու միայն դրական կարող է լինել, քանի որ դրանք պաշտպանողական միջոցներ են:
Բայց պետք է ասեմ, որ «միասնական համակարգ» կոչվածը չի նշանակում ազգային համակարգերի վերացում, կոնկրետ այս պարագայում Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության պետը և հրամաններն ինքն է արձակելու: Սա ոչ թե ազգային ՀՕՊ համակարգերի վերացում է, մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում»,- նշել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանն իր հակաօդային պաշտպանությունը իրականացնելու է իր գործընկերների աջակցությամբ, այնպես ինչպես գործընկերներն են իրենց ՀՕՊ խնդիրներն անհրաժեշտության դեպքում իրականացնելու Հայաստանի աջակցությամբ:
«Ես այս հարցերին շատ մանրամասն եմ տիրապետում, որովհետև տևական ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար ու այս խնդիրներին ծանոթ եմ»,-եզրափակել է ՀՀ նախագահը: