La Tribune. Էրդողանը Գերմանիայից առաջ Ֆրանսիային էլ էր սպառնում, եւ հազարավոր թուրքեր գործազուրկ դարձան
SportՀայոց ցեղասպանության մասին բանաձեւի պատճառով Թուրքիան միայն Գերմանիային չէ, որ սպառնում է: 2001-ի հունվարին Անկարան ավելի շատ էր սպառնում Ֆրանսիային, փակեց Renault-ի գործարանը եւ հազար թուրք գործազուրկ դարձավ, գրում է ֆրանսիական La Tribune թերթը:
Մեկից մի քիչ ավելի ամսվա ընթացքում միակ պատժամիջոցը դարձել է թուրքական Kanal D-ի որոշումը (որը վերահսկվում է իշխանությունների կողմից) դադարեցնել համագործակցությունը գերմանական ZDF-ի հետ:
«Այդ սպառնալիքները Էրդողանի ոճում են: Դրանք ուղղված են նրա իսկ ընտրազանգվածին», - նշում է Լիլի համալսարանի տնտեսագետ Դենիզ Ակագյուլը: Այդ սպառնալիքները զուտ խորհրդանշական են եւ ոչ մի կերպ չեն ազդում թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա, հավելել է նա: «Չի կարելի նմանություն չնկատել 2001 թվականի հունվարի հետ, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Թուրքիայի հակազդեցությունն անհամեմատ ավելի ուժեղ էր, սպառնում էին բոյկոտել ֆրանսիական արտադրանքը», - վերհիշում է Ակագյուլը: Բացի այդ, հանրային ցույցեր տեղի ունեցան: Բայց այն ժամանակ տնտեսական իրողություններն ավելի կարեւոր եղան:
Թուրքերի վրա այս բոյկոտն իրենից թանկ արժեցավ: Oyak-Renault-ի արտադրությունը դադարեցնելու որոշումը փողոցում թողեց հազարավոր գործազուրկների ոչ միայն Բուրսայի Renault գործարանում, այլեւ Թուրքիայում սարքավորումների գործարանում:
Թուրքիայի համար հեշտ չի լինի դժվարահաճություն դրսեւորել Գերմանիայի նման գործընկերոջ նկատմամբ, որը գնում է թուրքական ամբողջ արտահանման 10 տոկոսը: 2015-ին այդ ծավալն աճել է 8,4 տոկոսով եւ կազմել է 14,4 մլրդ եվրո, Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով: 2014-ի արդյունքում Գերմանիան Թուրքիայի տնտեսությունում երկրորդ խոշոր ներդրողն է դարձել (բոլոր ներդրումների 10,7 տոկոսը) Նիդերլանդներից հետո (17,6%):
Գերմանիայի համար եւս անցանկալի է փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Գերմանիայի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալներով, Թուրքիան 2015-ին Գերմանիայից արտահանման խոշորագույն շուկաների թվում 14-րդն է (բացարձակ արտահայտությամբ` 22,4 մլրդ եվրո, կամ էլ` 16 տոկոսով ավելի, քան 2014 թվականին):
Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը Մերկելին անհարմար վիճակի մեջ է դրել: Նա եւ իր արտգործնախարար Զիգմար Գաբրիելը չեն մասնակցել քվեարկությանը: Բայց դրանից մի քանի օր առաջ` մայիսի 31-ին Մերկելը հավանություն է տվել տեքստին: «Նա աջակցել է նախաձեռնությանը, բայց ցանկանում է նուրբ խաղ վարել: Եթե նա դարձյալ ցանկանա Էրդողանի հետ քննարկել փախստականների հարցը, կկարողանա ասել, որ ինքն անձամբ չի քվեարկել, իսկ Գերմանիայում կան բաներ, որոնք իրենից կախված չեն», - նշում է Բայրամ Բալչին` փարիզյան Ceri-Sciences-Po հետազոտական կենտրոնի վերլուծաբանը: «Այդպես նա նրբորեն ակնարկում է, որ Գերմանիայում ժողովրդավարություն կա», - հավելել է Բալչին: