Էրդողանը չի բացառել, որ հեղաշրջման փորձի ձերբակալված մասնակիցները մահապատժի կենթարկվեն
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ի թղթակից Բեքի Անդերսոնին տրված բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ չի բացառում ուրբաթ օրը տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի ընթացքում ձերբակալված հազարավոր մարդկանց մահապատիժը։
«Սա ակնհայտ դավաճանության հանցագործություն է։ Բայց իհարկե որոշումը պետք է խորհրդարանը կայացնի։ Ես կհաստատեմ խորհրդարանի ցանկացած որոշում»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելու դեպքում այդ երկիրը կզրկվի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից։
Մահապատիժը վերականգնելու մասին օրինագծի քննարկման վերաբերյալ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի խաղաղ բնակչությունը չի ցանկանում հանցագործներին տարիներով կերակրել։
«Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ արագ վերջանա, որովհետև բարեկամներ, հարևաններ ու զավակներ են կորցրել։ Տառապող մարդիկ զգայուն են, այսպիսով պիտի խոհեմաբար գործենք», ասել է նա։