Թուրքիան «թավշյա ամուսնալուծության» գործընթաց է սկսում ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ
International newsԹուրքիայում տեղի ունեցող ռազմական հեղաշրջում կատարելու փորձից հետո կարող է նաև արտաքին «հեղաշրջում» տեղի ունենալ: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկայում Թուրքիայում քննարկման կդրվի հեղաշրջման փորձ իրականացնողներին մահապատժի ենթարկելու հարցը:
Ի հավելումն այս անակնկալի, Թուրքիայի իշխանությունները պահանջում են ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնել:
Թուրքիայի՝ դարավոր երազանքը կարող է այդպես էլ չիրականանալ: Թուրքիան ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները սկսել է 2005-ին, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 1987թ.:
Սակայն մահապատժի կիրառման հարցը բարկացրել է ԵՄ անդամ բոլոր պետություններին: ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող անդամակցել Եվրամիությանը, եթե մահապատիժ սահմանի: Գերմանիան, Ավստրիան ու անդամ մի շարք պետություններ պաշտոնական հայտարարություններով քննադատել են Թուրքիայի նման քայլը:
1952 թվականին ՆԱՏՕ-ի կազմ Թուրքիայի մտնելուց ի վեր նրա անդամակցությունը դիտարկվել է որպես արտաքին սպառնալիքներից Եվրոպան պաշտպանելու ամրոց: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը:
«Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջմանն առնչություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելուն, սակայն նաև նախազգուշացնում չդիմել քայլերի, որոնք դուրս են գալիս այդ շրջանակից»,- նշել է Քերին:
Թուքիայի և Արևմուտքի միջև հակասությունները նման հարցերում վատ կանդրադառնան ահաբեկչության դեմ պայքարի վրա, քանի որ պետք է ավելի շատ սերտ հարաբերություններ ունենալ ռազամավարական դաշնակիցների հետ, և ոչ թե՝ գզվռտոց:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նույնպես խճճվել են: Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջում կատարելու փորձի համար մեղադրում է Ֆեթուլահ Գյուլենին ու դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին վերջինիս արտահանձնել: Սակայն ԱՄՆ-ն պահանջում է ապացույցներ ներկայացնել:
Ֆեթուլլահ Գյուլենը ամերիկյան իշխանություններին կոչ է արել մերժել Անկարային իր արտաքսման հարցում։ Առնվազն կարճ ժամկետում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները մտերիմիկ հարաբերություններից կվերածվեն՝ գործարքայինի: Եթե Էրդողանն այս ընթացքում փորձեց իր հարաբերություննները բարելավել Իսրայելի և Ռուսաստանի հետ՝ փորձելով խուսափել մեկուսացումից, ապա Վաշինգտոնի հետ հարաբերությունները ավելի կարևոր են և ԱՄՆ-ն, հավանական է, ՌԴ-ի, Իսրայելի նման ներողամիտ չգտնվի:
«Արդարություն և Զարգացում կուսակցության» կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններում մի շարք վայրիվերումներ են գրանցվել: Իսկ ներկա պահին Թուրքիան«թավշյա ամուսնալուծության գործընթաց է սկսել» ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ:
Հրաչուհի Հայրապետյան