Նոր Թուրքիան կլինի իսլամացված պետություն և կվերականգնի մեկ անձի՝ Էրդողանի իշխանությունը. Ռուբեն Սաֆրաստյան
International newsԻնչպես հատնում է ORER.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, խոսելով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների մասին, ասաց, որ տեղի ունեցող իրադարձությունները ներկայում ունեն երեք բաղկացուցիչ մաս:
Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ առաջինը բուն հեղաշրջման փորձն է, երկրորդը՝ դրան հաջորդող շրջանը, որի մեջ գտնվում են և որը կշարունակվի մինչև օգոստոսի սկիզբը, երբ նշանակված է բարձրագույն զինվորական խորհրդի հերթական նիստը, իսկ երրորդ բաղադրիչն այն է, թե ինչ կլինի Թուրքիայում այս ամենից հետո:
«Այդ ամենն Էրդողանի սարքածը չէր, դա ուղղակի անհաջող և վաղաժամ կազմակերպված հեղաշրջման փորձն էր, որից Էրդողանը շատ լավ օգտվում է և կարողանում է իր ծրագրերն իրականացնել: Էրդողանի ծրագիրն է զտումներ անցկացնել Թուրքիայի պետական կառույցներում, ռազմական և կրթական համակարգում և ազատվել բոլոր այն մարդկանցից, որոնք չեն կիսում նրա մոտեցումները:
Եթե ընդհանրացնենք, ապա Թուրքիայում տեղի է ունենում մեծ զտում և Թուրքիայում այս մեծ զտման առանձնահատկությունն այն է, որ տեղի է ունենում հատուկ նախապատրաստված ջոկատների միջոցով, որոնք իսլամիստական գաղափարախոսության կրողներ են և հանդիսանում են Էրդողանի զանգվածային հենարանը:
Այդ զտումները շատ մեծ թվերի են հասել, որոնց ցուցակները նախապես կազմած ունեցել է»,- նշեց թուրքագետը:
Նրա խոսքով՝ սա վերջնական և հզոր հարվածն էր քեմալական Թուրքիային ՝ մի պետության, որտեղ իսլամը քաղաքական գործոն չէր:
«Նոր Թուրքիան կլինի իսլամացված պետություն և կվերականգնի մեկ անձի՝ Էրդողանի իշխանությունը: Կարծում եմ, որ Թուրքիան ավելի կսկսի հեռանալ Արևմուտքից, ԵՄ-ից և ԱՄՆ-ից:
Ակնհայտ է, որ նրա եվրաինտեգրման գործընթացը չի սկսվի և չեմ բացառում, որ Եվրոպան էլ ավելի օտարի Թուրքիային, գուցե և պաշտոնապես կասեցվի եվրաինտեգրման գործընթացը»,- ընդգծեց արևելագետը:
Սոսե Չանդոյան