Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստն առաջին անգամ չի անցկացվի Գլխավոր շտաբի շենքում
International newsԹուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստն առաջին անգամ հինգշաբթի կանցկացվի Չանքայա վարչապետական նստավայրում: Այն նախագահելու է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
YAŞ-ի նիստն ավանդաբար անցկացվել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի շենքում: Նիստի ժամանակ կքննարկվեն օրեր առաջ երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը և ռազմական կառույցներից գյուլենականներին հեռացնելու հարցը: YAŞ-ի նիստի արդյունքները կառնչվեն ավելի քան 100 գեներալի ու ծովակալի:
YAŞ-ի նիստին առաջին անգամ կմասնակցի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Նիստին կմասնակցեն նաև գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, նրա տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը, ինչպես նաև 1-ին և 3-րդ բանակի, Էգեյան (4-րդ) բանակի հրամանատարները և մի շարք այլ գեներալներ: