Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո մոտ 1400 զինվորականի են հեռացրել զինված ուժերից
International newsԹուրքիայում զինված ուժերում ծառայող 1389 զինվորական է հեռացվել աշխատանքից` ԱՄՆ-ում բնկավող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով, որին երկրի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է ստացվել կիրակի, սակայն ոչ մի մանրամասնություն չի նշվում:
Հաղորդագրությունը ստացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից ժամեր անց, որի ընթացքում վերջինս նշել էր, որ որոշակի փոփոխություններ է ծրագրում զինված ուժերում, այդ թվում` ռազմական ակադեմիաների փակումը: Այս քայլերն, ամենայն հավանականությամբ, ուղղված են ռազմական ոլորտը կառավարության վերահսկողության տակ բերելուն:
Հիշեցնենք, որ պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում իրականացվել է հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, սակայն ճնշվել է մի քանի ժամվա ընթացքում: