Չեմպիոնների լիգայի խաղարկության 3-րդ փուլի 1-ին խաղային օրվա պատասխան հանդիպումների ամփոփում
SportՉեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարի 3-րդ փուլի 5 պատասխան հանդիպումներն արդեն ավարտվել են: «Արմենպրես»-ը ներկայացնում է առաջին խաղային օրվա բոլոր 5 հանդիպումների ամփոփումը:
Խաղային օրվա մեկնարկը տրվեց ադրբեջանական «Կարաբախ»-ի և Պլզենի «Վիկտորիա»-ի հանդիպումով: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ հաշտությամբ: Պատասխան հանդիպումն ավելի հաջող սկսեց ադրբեջանական ակումբը և հանդիպման 29-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: «Վիկտորիա»-ն պատասխանեց միայն խաղավարտին և այդ միակ գնդակը բավարար եղավ ադրբեջանական թիմին դուրս թողնել հետագա պայքարից: «Վիկտորիա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Միխալ Կրմենչիկը:
1-ին խաղում «Ռուսենբորգ»-ի հարկի տակ 2-1 հաշվով պայքարը տանուլ տալուց հետո Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ը սեփական հարկի տակ կարողացավ դժվարին պայքարում հասնել ցանկալի արդյունքի: Խաղի ամբողջ ընթացքում չկարողանալով գրավել դարպասը՝ կիպրական ակումբը չհուսահատվեց և լրացուցիչ ժամանակում իսկական ֆուտբոլային դաս տվեց «Ռուսենբորգ»-ին: Հանդիպմանն ավելացրած ժամանակում 3 գնդակ հայտնվեց հյուրերի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Յանիոտասը,Վանդերը և Դե Վինսենտին: Այսպիսով, «ԱՊՕԵԼ»-ը հաղթեց 3-0 հաշվով և շարունակում է պայքարը:
Երևանի «Ալաշկերտ»-ին պայքարից դուրս թողած Թբիլիսիի «Դինամո»-ն, առաջին խաղում 2-0 հաշվով պարտվելով Զագրեբի «Դինամո»-ին, երկրորդ խաղում նույնպես անզոր էր մրցակցի առաջ: Հանդիպման միակ և հաղթական գնդակն իր օգտին գրանցեց Մարկո Ռոգը:
Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի և բուլղարական «Լուդոգերեց»-ի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր արդյունավետ ոչ-ոքիով՝ 2-2: Առաջին խաղից հետո այդ հաշիվը ձեռնտու էր սերբական ակումբին, սակայն 2-րդ հանդիպման ընթացքը չարդարացրեց «Ցրվենա Զվեզդա»-ի սպասելիքները: Ինչպես թիմերի առաջին,այնպես էլ 2-րդ խաղերում հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի ուժեղ գտնվեց բուլղարական ակումբը և հաղթեց 2-4 հաշվով:
Խաղային օրվա մեծագույն անակնկալն արձանագրվեց Իռլանդիայում: Բելառուսական «ԲԱՏԷ»-ն առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Դանդոլկ»-ին, հյուրընկալվելիս ֆիասկոյի ենթարկվեց և պարտվեց 3-0 հաշվով: Այսպիսով, բելառուսական ակումբը դուրս մնաց պայքարից:
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարի 3-րդ փուլի ևս 10 հանդիպում կայանալու է ընթացիկ օրը: