Էրդողանը ներողություն է խնդրել ժողովրդից՝ ռազմական հեղաշրջման փորձը նախապես չկանխելու համար
International newsԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել ժողովրդից, որ նախապես չի կարողացել կանխել ռազմական հեղաշրջման փորձը երկրում:
«Եթե 2013 թվականի դեկտեմբերի 17-ից հետո («Մեծ կաշառք» գործ) չլինեին մեր ձեռնարկած միջոցները, հատկապես դատական համակարգում, ապա ռազմական հեղաշրջման փորձը կլիներ ավելի մասշտաբային: Դրանում կներգրավվեին ոչ միայն բանակ ներթափանցած ահաբեկիչները, այլև ոստիկանությունում, դատարաններում նրանց կողմնակիցները, ինչպես նաև պաշտոնյաները:
Չնայած դրան՝ ես վշտացած եմ, որ դավաճանների իրական դեմքը չի հաջողվել պարզել ավելի վաղ: Դա մեր թերությունն է, և թող ժողովուրդը ների մեզ դրա համար»,- ասել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, թե Գյուլենի կողմնակիցները մասնակից են Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին. «Կան նաև այնպիսիք, ովքեր, դժբախտաբար, նայում են, սակայն չեն տեսնում: Այսուհետ կասկածելու ժամանակը մնացել է անցյալում, սկսվել է պայքարի ժամանակը»: