Բոլոր զորամասերը մինչև սեպտեմբերի 15-ը դուրս կբերվեն Ստամբուլից ու Անկարայից. Թուրքիայի ՊՆ
International newsԹուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական բանակից հեռացված զինվորականների թիվը հասել է 3185 մարդու:
Թուրքական իշխանությունների կարծիքով՝ ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել է Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը (FETÖ):
Պաշտոնանկ արված զինվորականների թվում 151-ը գեներալներ ու ծովակալներ են, 265-ը՝ օդաչուներ: Ներկայումս օդաչուների քանակը համապատասխանում է արտակարգ դրության պահանջներին:
Չնայած դրան՝ օդաչուների ընդհանուր թիվը շատ ավելի փոքր է թուրքական բանակի կարիքների համար: Ըշըքն ընդգծել է, որ օդաչուների պակասը վերացնելու համար աշխատանքներ են կատարվում:
Ընդգծելով, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո 162 զինծառայողներ փախել են, և որ հետաքննությունը շարունակվում է՝ Ըշըքն ընդգծել է, որ բանակից պաշտոնանկ արված մարդկանց թիվը կարող է փոխվել:
Նրա խոսքով՝ Աքընջըի ռազմաօդային բազայի տեղում, որը ռազմական հեղաշրջման փորձի օրը ծառայել է որպես խռովարարների հիմնական բազա, կստեղծվի Ժողովրդավարության այգի:
Ըշըքն ընդգծել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը բոլոր զորամասերը դուրս կբերվեն Ստամբուլից ու Անկարայից, իսկ զորամասերի տարածքներում կստեղծվեն պետական կառույցներ կամ էլ դրանք կտրվեն ժողովրդի տնօրինությանը: