Շվեյցարիայում մահացել է ուղևորների վրա հարձակում գործած տղամարդը
International newsՇվեյցարիայում ստացած վնասվածքներից մահացել է գնացքի ուղևորների վրա հարձակում գործած տղամարդը։ Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
«Հարձակման մեջ մեղադրվող Շվեյցարիայի 27-ամյա քաղաքացին մահացել է վնասվածքներից»,- ասված է տեղի ոստիկանության հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է շաբաթ օրը գնացքի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ վիրավորված կինը։ Նա 34 տարեկան էր։ Ծայրահեղ ծանր վիճակում է մնում գնացքի ևս երեք ուղևոր։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 14:20-ին Շվեյցարիայի քաղաքացին դյուրավառ հեղուկի օգնությամբ հրդեհել է գնացքը Շվեյցարիայի հյուսիս-արևելքում գտնվող Սանկտ-Գալեն կանտոնի Սալեզ կայարանի մոտակայքում։
Ոստիկանությունում նշել են, որ տղամարդը նաև զինված է եղել դանակով։ Սանկտ-Գալեն կանտոնի դատախազությունը գնացքի ուղևորների վրա զինված տղամարդու հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։ Ոստիկանությունը միտված չէ կապել միջադեպն ահաբեկչության հետ։
Հարձակման հետևանքով յոթ մարդ այրվածքներ և դանակից վնասվածքներ է ստացել, այդ թվում և ծանր վնասվածքներ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վիրավորների թվում է նաև վեցամյա մի երեխա։