Թուրքիայի փոխվարչապետը խոստովանել է երկրում «վհուկների որսի» անցկացումը
International newsԹուրքիայի փոխվարչապետ Թուրղութ Թյուրքեշը խոստովանել է, որ Թուրքիայում գործնականում յուրաքանչյուր հանցագործության մեջ կառավարությունը մեղադրում է «Հիզմեթ» կրոնական շարժմանը, որի ղեկավարը չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է: Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայում շարունակվում է այդ շարժման կողմնակիցների նկատմամբ «վհուկների որսը»:
Թուրղութ Թյուրքեշը հայտարարել է թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք այժմ եկել ենք այն բանին, որ երբ շարքային քաղաքացու ավտոմեքենան փչանում է, նա սկսում է դրանում մեղադրել FETO-ի հետ կապված մարդկանց (հապավում` որը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հնարել է Գյուլենի շարժումը բնութագրելու համար` «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն - FETO): Ստեղծված իրավիճակը հիշեցնում է «վհուկների որս»: Դա ինձ անհանգստացնում է: Որովհետեւ, ըստ ինձ, նման կերպ մենք հեռանում ենք իրական հանցագործներից», -ասել է քաղաքական գործիչը` ակնարկելով թուրքական իշխանությունների կողմից արվող խտրական արտահայտ ությունները:
Այն բանից հետո երբ թուրքական կառավարությունն ու Էրդողանը Գյուլենին մեղադրեցին հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված հեղաշրջման փորձի մեջ, կառավարական շրջանակները նրան բազմիցս մեղադրել են բոլոր մահացու մեղքերում: Անգամ հայտարարվել էր, որ Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի, որը Թուրղութ Թյուրքեշի հայրն է, եւ Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի սպանությունները եւս գյուլենականների գործն է: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը գյուլենականներին անգամ մեղադրում է քրդերի Õ �ետ խաղաղ գործընթացը ձախողվելու, Ստամբուլի Գեզի այգում բողոքների, ինչպես նաեւ Ուլուդերեյում 34 խաղաղ քուրդ քաղաքացիների սպանության մեջ, որոնք մահացել էին թուրքական օդուժի ռմբակոծությունից:
Թուրղութ Թյուրքեշը հարցազրույցում հերքել է իր հոր «սպանության» մասին լուրերը` հայտարարելով, որ ազգայնականների առաջնորդը մահացել է իր մահով: Բանը հասել է նրան, որ ռազմական հեղաշրջումից հետո կառավարությանը մոտ թուրք մեկնաբանները սկսել են պնդել, որ ռուսաստանյան ինքնաթիռի հետ միջադեպը, որը Սիրիայի տարածքում խոցվեց թուրքական օդուժի կողմից, նույնպես դավադրության արդյունք է, որն, իբր, արել են Գյուլենի շարժման կողմնակիցները:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե իբր, ռուս-թուրքական հարաբերությունները հենց գյուլենականներն են փչացրել: ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին` դատապարտելով յուրաքանչյուր միջամտություն ժողովրդավար հիմունքներով ընտրված կառավարության կառավարմանը:
Հուլիսի 15-ից սկսած, Գյուլենի շարժմանը մասնակից լինելու մեղադրանքներով Թուրքիայի պետական հաստատություններից հեռացվել են մոտ 80 հազար աշխատակիցներ: Բացի այդ, 30 հազար մարդ, այդ թվում` լրագրողներ, դատավորներ, ոստիկանության եւ դատախազության աշխատակիցներ բերման են ենթարկվել, որոնցից 15 հազարը ձերբակալվել է: