Քառօրյա պատերազմը մեր միասնականության յուրատեսակ քննություն էր, որ պատվով հաղթահարեցինք. Սերժ Սարգսյան
Politics28 տարի առաջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Արցախին սատարելու, Արցախն ազատագրելու համար: Արցախյան գոյամարտը հայ ազգային վերածննդի և միասնականության ևս մեկ դրսևորում էր, որ սկիզբ դրեց մեր պետականության վերականգնմանը։
Նման հայտարարությամբ Բրիազիլիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ամիսներ առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններով կոպտորեն խախտեց զինադադարի պայմանագիրը, կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ, բայց մեծ կորուստներ կրելով՝ ստիպված կանգ առավ ու դադարեցրեց գործողությունները: Քառօրյա այս պատերազմը մեր միասնականության յուրատեսակ մի քննություն էր, որ մենք պատվով հաղթահարեցինք: Այդ ընթացքում ոտքի կանգնեց ողջ հայ ազգը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, դարձավ մեկ բռունցք: Եվ մենք հավատացինք, որ աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ սասանել մեր միասնականությունը:
Հայտնի ասույթի համաձայն, պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության»,- նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ: