Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առաջնահերթությունները
International news2016թ օգոստոսի 12-ին Սոչիում, ԵՏՄ անդամ-պետությունների վարչապետերի մակարդակով, տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքին քննարկել են համաշխարհային և ԵՏՄ տնտեսություններում առկա իրավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր և առաջիկա հանդիպման օրակարգը:
Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկումների հիմնական առարկան ԵՏՄ նոր մաքսային օրենսգրքի ընդունումն է եղել: Քննարկվել են նաև ԵՏՄ միասնական շուկաների, այդ թվում՝ դեղորայքի շուկայի ձևավորումը։
Անդրադառնալով դեղորայքի շուկային ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ դեղագործական արտադրանքի պահանջների միասնականացման վերաբերյալ փաստաթղթերը թույլ կտան մտնել երրորդ երկրների շուկաներ։ Իսկ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը առաջարկել է փուլ առ փուլ ԵՏՄ-ում գործարկել միասնական դեղորայքի շուկան:
Նիստի ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Եվրասիական տնտեսական միությունը կրճատ անվանել ոչ թե ԵՏՄ, այլ` ԵվրԱզԷՍ, որպեսզի չշփոթեն Եվրամիության հետ և կարծիք է հայտնել, որ ԵվաԱզԷՍ-ին «մի քայլ է մնում» նոր մաքսային օրենսգրքի համաձայնեցման համար:
Մեդվեդևը նաև կոչ է արել չեղարկել առկա բոլոր խոչընդոտները՝ ԵվաԱզԷս-ում ապրանքաշրջանառության աճի ապահովման համար և հիշեցրել է, որ 2016թ-ին միության ներսում փոխադարձ առևտրի ծավալները աճել են 14,2%-ով, իսկ Հայաստանից միության ներքին շուկա արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Մեդվեդևը նաև նշել է, որ ԵՏՄ ընդհանուր շուկան ամենակարևոր առավելություններից մեկն է միության ներսում և այն հնարավորություն է տալիս անդամ պետություններին ավելի մրցակցային տնտեսություն ունենալ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Մաքսային օրենսգրքին և միշտ ճկունություն ենք ցուցաբերել այն նախապատրաստելիս»։ Իսկ Բելառուսի վարչապետը հայտնել է, որ ԵվրԱզԷՍ-ի նոր մաքսային օրենսգիրքը պատրաստ կլինի 2016թ. աշնանը:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Մաքսային օրենսգիրքը հենց այն փաստաթուղթն է, որին այսօր գործարար միջավայրը սպասում է։ «Այն կբարելավի գործարար-միջավայրն ու կդյուրացնի մաքսային ձևակերպման հետ կապված գործընթացները»,- ընդգծել է Սարգսյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում կնքվել են ԵվրԱզԷՍ-ի մի շարք համաձայնագրեր, որոնք հիմնականում վերաբերել են Մաքսային օրենսգրքի ստեղծմանը:
Նարինե Մեհրաբյան