ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կցանկանար, որ կին ընտրվեր կազմակերպության ղեկավարի պաշտոնում
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ անձամբ ինքը կցանկանար կնոջ տեսնել Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է Արմենպրեսը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում Պան Գի Մունի գտնվելու թվով երկրորդ հնգամյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին, եւ գլխավոր քարտուղարը հայտնել է, թե «եկել է ժամանակը», որ կինն ստանձնի միջազգային կազմակերպության ղեկավարումը:
ՄԱԿ-ի 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը պետք է Գլխավոր ասամբլեային թեկնածություն առաջարկի հետագա քննարկման համար, նշում է գործակալությունը:
Ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է 11 մարդ, այդ թվում՝ հինգ կին, գրում է Associated Press-ը: Այդ պաշտոնի հավակնորդների թվում են՝ Արգենտինայի ԱԳ նախարար Սուսանա Մալկորան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը ներկայացնում է Բուլղարիան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երրորդ փուլը Անվտանգության խորհրդում կկայանա օգոստոսի 29-ին: Ընտրությունների նախորդ փուլերը տեղի են ուեցել հուլիսի 21-ին եւ օգոստոսի 5-ին փակ դռների ետեւում: Տեղեկացվել է, որ դրանց արդյունքում առաջատարը Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշն է, որը 2015 թվականին զբաղեցնում էր ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: